Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը շարունակում է պնդել, որ Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է միանա Մաքսային միությանը, առավել եւս որ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ են կիրառվում։

«Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մասին արված հայտարարությունից անցել է ուղիղ մեկ տարի, այս ընթացքում լրիվ այլ քաղաքական իրավիճակ է ձեւավորվել եւ հարց է առաջանում՝ արդյոք ճիշտ է միանալ մի միության, որի նկատմամբ ԵՄ եւ ԱՄՆ-ն սանկցիաներ են կիրառում։ Աշխարհն  այս ընթացքում լրիվ փոխվել է եւ կարծում եմ, որ Հայաստանը կարող է մանեւրել»,- այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով՝ տնտեսության զարգացմանը կօգնի միայն Եվրամիությունը, հետեւաբար Եվրասիական տնտեսական միությունը միանալուց պետք է հրաժարվել. «Եվրասիական տնտեսական միությունն ուժային կառույց է, որտեղ ռուլիտ է անում օլիգարխը։ Հայաստանն այս պարագայում պետք է մանեւրի, նոր քաղաքականություն պետք է մշակի, որ «եւ, եւ» սկզբունքը գործի, մենք պետք է լինենք հուսալի գործընկեր, այսքանն է մեզ պետք։ Ես շարունակում եմ պնդել, որ իհարկե, պայմանագրիսը կստորագրվի, բայց դա չի գործի, ինչպես որ ԱՊՀ-ն չկա, կայացած կառույց չէ»։

Հիշեցնենք, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Այս պահին քննարկվում է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամագրվելու հարցը։ Հայաստանի իշխանությունների պնդմամբ՝ մենք պայմանագիրը կստորագրենք մինչեւ հոկտեմբեր։