Մեծ հավանականություն կա, որ հոկտեմբերի 10-ին կստորագրվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթուղթ, սեպտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Նորավանք» Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:
Ըստ նրա՝ նույն օրը կարող է նաեւ Ղրղըզստանի անդամակցության փաստաթուղթը ստորագրվել: Անդրադառնալով այդ կառույցի ներքին տարաձայնություններին՝ Գագիկ Հարությունյանը ընդգծել է, որ Ղազախստանը թյուրքալեզու երկիր է, եւ ակնհայտ է, որ Աստանան ունի իր նախապատվությունները, ու որոշակի տարաձայնություններ կան ՌԴ-ի եւ Ղազախստանի միջեւ: «Ռուսաստանի նախագահը միանգամայն արդարացիորեն նշեց, որ նախքան ԽՍՀՄ-ն Ղազախստանը գոյություն չուներ, եւ դա փաստ է: Կարծում եմ՝ Հայաստանի ԵՏՄ մտնելը լուծում է մեր ներկայիս դաշնակիցների դիրքերի ուժեղացման խնդիրը, քանի որ ԵՏՄ քառյակում (ենթադրվում է, որ Ղրղըզստանը եւս կմասնակցի գործընթացներին) կայացած միակ ազգային պետությունը Հայաստանն է: Հենց դա կնպաստի, որպեսզի ԵՏՄ-ում քաղաքակրթական առումով մեզ ավելի հոգեհարազատ որոշումներ կայացվեն», - նշել է քաղաքագետը:
Անկասկած, հավելել է նա, ԵՏՄ անդամ երկրների մեջ կան քաղաքակրթական որոշակի տարաձայնություններ. «Բայց կարծում եմ դրանք այնքան էլ սարսափելի չեն: Որպես օրինակ կարելի է բերե ՆԱՏՕ-ն, որի անդամներ են Ալբանիան, Թուրքիան», - համեմատել է Գագիկ Հարությունյանը:





























