Կառավարության այսօրվա նիստին օրակարգային հարցերի քննարկումից հետո Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դժգոհեց, որ ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ մի մարդ իրեն ու Գիտության պետական կոմիտեի նախագահին «վերջին բառերով» վիրավորում է, հայհոյում, վերջին շրջանում էլ ավելի ագրեսիվ է դարձել:
Ո՞վ է այդ մարդը, որն արդեն մեկ տարի հետապնդում է ԳԱԱ նախագահին։
NEWS.am-ը նախկինում անդրադարձել է Հենրիկ Մխիթարյանին, որն ամեն հինգշաբթի՝ կառավարության նիստի օրերին, իր գյուտերիր արտոնագրերով Կառավարության շենքի մոտ հացադուլ է հայտարարում՝ պահանջելով, որ Կառավարությունը ֆինանսավորի իր գյուտերի իրականացումը: Նա պնդում է, որ ինքը հավերժական շարժիչի, հիդրոէլեկտրակայանի գյուտեր է արել, ունի արտոնագրեր, որոնք չեն ֆինանսավորվում: Նրա խոսքով՝ իր գյուտերը կարող են լուծել գլոբալ տաքացման խնդիրը, էներգետիկ ճգնաժամը եւ երկրագունդը դարձնել դրախտ։
Կառավարության նիստից առաջ եւ հետո, տեսնելով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, թոշակառուն հայհոյում է նրան ու հեռանում: Շատ հաճախ, սակայն, դա նրան չի հաջողվում. ոստիկանները նրան հեռացնում են։





























