«Հատում» (Cut) ֆիլմը նկարահանվել է հիմնականում թուրքերի համար, ես ինքս թուրք եմ եւ այս ֆիլմը պատրաստել եմ իմ ժողովրդի համար: Այդ մասին թուրքական «Hurriyet Daily News» թերթին հայտարարել է թուրքական ծագմամբ գերմանացի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքընը:
Նրա խոսքով՝ ամեն նոր օր ավելի հեշտ է խոսել ցեղասպանության թեմայով, իսկ դեռ 10 տարի առաջ գոյություն ունեցող տաբուն այսօր շատ ավելի թույլ է: Ակինը կարծում է, որ դրա պատճառը Հրանտ Դինքի սպանությունն է:
Աքընը խոստովանել է, որ Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը իրեն խիզախություն է տվել օգտագործել «ցեղասպանություն» բառը: «Մինչ այդ ես տարբեր ռազմավարություններ էի մշակում տեղի ունեցածի մասին խոսելիս այդ բառն օգտագործելուց խուսափելու համար: Հասան Ջեմալը կոտրեց այդ վախը», - նշել է ռեժիսորը:
Նա ընդգծել է, որ իրեն չեն անհանգստացնում իր հասցեին հնչած մեղադրանքները, քանի որ 7 տարիների ընթացքում նա պատրաստել է իրեն այդ ամենին: «Սկզբնապես ֆիլմի նպատակն էր, որպեսզի այն հավանեին մայրս, հայրս, Թուրքիայում ապրող ընկերներս, միեւնույն ժամանակ, նաեւ հայ հասարակությունը, Հայաստանը եւ սփյուռքը: Ես այս ճամփորդությունը սկսեցի ինձ հարց տալով՝ ո՞վ է ճանաչում եւ չի ճանաչում Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը»:
Ռեժիսորն ընդգծել է, որ ֆիլմը մտադիր է աշնանը ցուցադրել Թուրքիայում: Ի պատասխան հարցին՝ որոշակի դժվարությունների բախվե՞լ է, արդյոք, Թուրքիայում ֆիլմի ցուցադրության շուրջ, Ակինը պատասխանել է. «Կինոթատրոնները վախենում են, որ որոշ մարդիկ կբողոքե՞ն: Եթե ոստիկանությունը հասարակական կարգը խախտելու համար Գեզիում արցունքաբեր գազ է օգտագործել, ապա կարող է գալ եւ «պաշտպանել» կինոթատրոններին»:




























