Արդեն երկրորդ օրն է՝ Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը հացադուլի մեջ է: «Լավ եմ, բացարձակապես չեմ զգում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
Նա այժմ պատրաստվում է այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին, իսկ այսօր եւ ամեն օր՝ ժամը 17.00-18.00, կլինի նախագահական նստավայրի դիմաց: «Ինչպես ասում են՝ հերթապահության, որ հանկարծ Սերժ Սարգսյանը հրաժարականի հայտարարությամբ հանդես գա, ես բաց չթողնեմ: Ինքը արդեն հրաժարական տվել է, եթե մարդը հրաժարվում է ինքն իրենից, տեղին չի՞ լինի, որ այդ մասին հայտնի նաեւ հանրությանը: Նախագահական ընտրությունների ժամանակ ինքը ասում էր, որ մենք գնում ենք դեպի Եվրոպա, դա իր հիմնական խոսքերից մեկն էր եւ ստացավ հատուկ ուղերձ ԵԺԿ ղեկավարի կողմից, ինքը հրաժարվել է իր այդ խոսքերից, ինքը իրենից է հրաժարվել, հետեւաբար պետք է տեղեկացնի մեզ իր հրաժարականի մասին»,-ասաց ԱԻՄ առաջնորդը: Հայրիկյանը Սերժ Սարգսյանի ելույթը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում լավ է գնահատում՝ ասելով վատ չի, բայց դա դիրքորոշում չէ:
Պարույր Հայրիկյանը չի վիրավորվում սոցիալական ցանցում իր հասցեին հնչող քննադատություններից, ծաղրական մեկնաբանություններից: Նա նշեց, որ այդ ամենը անլուրջ է եջ ինքն էլ անլուրջ է վերաբերում, «հոգեկան հիվանդներին հո՞ չես մեղադրի»:





























