Սկանդալային թուրք բժիշկ, աշխարհում ամենաշատ փնտրվող հանցագործներից Յուսուֆ Սոնմեզը, ով «Դոկտոր Ֆրանկենշտեյն» մականունն է ստացել, հայտնաբերվել է Ամստերդամում:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնի է դարձել, որ «Դոկտոր Ֆրանկենշտեյնը» հանգիստ ապրում է Ամստերդամում, 2 մլն դոլար արժողությամբ իր անձնատանը: Չնայած սերբական հատուկ ծառայությունները դիմել են իրենց հոլանդացի գործընկերներին՝ խնդրելով ձերբակալել հանցագործին, սակայն նա դեռեւս ազատության մեջ է:
Չնայած հայտարարված միջազգային հետախուզմանը՝ Յուսուֆ Սոնմեզը մինչեւ վերջերս օրգանների փոխպատվաստման վիրահատություններ է կատարել Բաքվի մասնավոր կլինիկաներից մեկում: Նրա ծառայությունները նույնիսկ գովազդել են տեղական հեռուստաալիքներով:
2010 թվականին լրագրողները կարողացել են «Դոկտոր Ֆրանկենշտեյնի» հետքը գտնել Բադամդար բնակավայրում տեղակայված մասնավոր «Նուռ» կլինիկայում: Բժիշկը վիրահատությունները կատարել է ամսվա որոշակի օրերի:
Յուսուֆ Սոնմեզի գործունեությունը հետաքննելու համար առիթ է դարձել 2008 թվականի նոյեմբերին Պրիշտինայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը, երբ մաքսային ծառայության աշխատակիցների աչքի առջեւ 23-ամյա թուրք Յըլման Ալթունը կորցրել է գիտակցությունը: Նրա մարմնի վրա թարմ սպի են հայտնաբերել: Քայլ առ քայլ ոստիկանությունը հասել է «Մեդիկուս» կլինիկա, որտեղ էլ գտել է Իսրայելի 74-ամյա քաղաքացի Բեզալել Շաֆրանին: Վերջինը խոստովանել է, որ 90 հազար եվրո է վճարել երիկամի փոխպատվաստման համար:
Պարզվել է, որ դոնորներին բերել են նախկին ԽՍՀՄ երկրներից, մասնավորապես՝ Մոլդովայից եւ Ղազախստանից, ինչպես նաեւ Թուրքիայից: Բոլորին խոստացել են 10-12 հազար եվրո վճարել: Բայց հիմնականում խաբել են, քանի որ նրանց պետք է ոմն միջնորդ վճարեր, բայց ոչ թե Պրիշտինայում, այլ Ստամբուլում:




























