ՀՀ Կենտրոնական բանկն անցյալ շաբաթ շարունակել է արտարժույթի շուկայում դոլարի գնումները, որը սակայն չի կանխել դրամի սահուն արժեւորումը: Հունիսի14-18 ժամանակահատվածում, ըստ ԿԲ հրապարակման, ֆոնդային բորսայում գնվել է 9.6 մլն դոլար` 371.75 միջին փոխարժեքով:

Այսօր դոլարի արժեզրկումը ֆոնդային բորսայում շարունակվել է: Ընդհանուր առմամբ վաճառվել է 3.4 մլն դոլար, ամենայն հավանականությամբ հիմնական գնորդը նույնպես եղել է ԿԲ-ն: Փակման պահին դոլար/դրամ փոխարժեքը կազմել է 370 դրամ:

Դոլարի անկման հիմնական պատճառներից մեկը գյուղատնտեսական մթերումների սեզոնի ակտիվացումն է, երբ մթերող կազմակերպությունները ժամանակավորապես դրամի և դրամային վարկերի նկատմամբ մեծ պահանջարկ են ստեղծում:

Վերջին տասնօրյակում միջազգային շուկայում դոլարը նույնպես արժեզրկման միտում է ցուցաբերում: Ներկայում եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը գտնվում է 1 եվրո/1.240 դոլար սահմաններում, իր առավելագույն պիկին գտնվում էր հունիսի 10-ին, երբ 1 եվրոն արժեր 1.188 դոլար: