ԱՄՆ գաղտնի ծառայությունը քննարկում է Սպիտակ տան հարեւանությամբ գտնվող հանրային վայրերում անցակետ տեղադրելու հնարավորությունը, երկուշաբթի փոխանցում է AP-ն` վկայակոչելով երկրի իրավապահ մարմինների ներկայացուցչին:  

Ըստ բարձրաստիճան աղբյուրի` Սպիտակ տան հարեւանությամբ անցակետի հաստատումը  նախկինում էլ է քննարկվել, սակայն վերջին միջադեպերը գաղտնի ծառայությանը ստիպել են հարցն արագ կարգով քննարկել, փոխանցում, է «ՌԻԱ Նովոստին»: 

Ուրբաթ Սպիտակ տան մոտ միանգամից երկու միջադեպ էր տեղի ունեցել: Առաջին դեպքում անհայտ անձը ցատկել  էր նստավայրի պարսպից ներս եւ փորձել շենք  ներխուժել: Տարհանվել էր մամուլի ծառայությունը: Ավելի ուշ` այդ նույն օրը,  ԱՄՆ-ի բարձրաստիճան անձանց պահպանության համար պատասխանատու գաղտնի ծառայությունը ձերբակալել էր 42-ամյա մի տղամարդու, որը  ցատկել էր պարսպից այն կողմ` արհամարհելով պահակազորի  կանգ առնելու պահանջները, ուղեւորվել էր դեպի Սպիտակ տուն եւ  դռներից ներս մտել: