ԱՄՆ Գաղտնի ծառայությունը Սպիտակ տան երկայնքով հավելյալ պատվար է տեղադրել` մեկուկես մետր բարձրությամբ երկաթյա պատնեշներ, որոնք սովորաբար ոստիկանությունն օգտագործում է ցույցերի կամ այլ զանգվածային միջոցառումների ժամանակ: Դրանք հայտնվել են երեքշաբթի` նախագահական նստավայրի հյուսիսային կողմում, «Ամերիկայի գլխավոր փողոցում»` Փենսիլվանիայի ավենյուում, որպեսզի բազմաթիվ զբոսաշրջիկները եւ պարզապես անցորդները չկարողանան մոտենալ Սպիտակ տան հիմնական ցանկապատին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սեպտեմբերի 19-ին 2,4 մետրանոց պարսպից այն կողմ էր ցատկել 42-ամյա պուերտոռիկացի Օմար Գոնսալեսը, որին հաջողվել էր վազել մինչեւ Սպիտակ տան մուտքը: Միայն այնտեղ նրան բռնել էր պահակազորը, որն այժմ ստիպված է արդարանալ այդ բացթողման համար: Տհաճ միջադեպի կապակցությամբ` նախագահին եւ իր ընտանիքին պահպանող Գաղտնի ծառայությունը խստացրել է շենքի շուրջ անվտանգության միջոցառումները: Սպիտակ տանը խոստացել են փակել դռները:
Զբոսաշրջիկների համար փակել են նաեւ Փենսիլվանիա-ավենյուի մի մասը:





























