ISRO-ի ֆեյսբուքյան էջում եւ թվիթերում հայտնվել են Մարսի առաջին լուսանկարները՝ արված 7,3 կմ բարձրությունից: Դրանցում երեւում են մոլորակի նարնջագույն մակերեւույթը եւ մութ խորշերը, գրում է  INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) թռիչքների կառավարման կենտրոնին: Հնդկաստանն այսկերպ դարձել է առաջին երկիրը, որին հաջողվել է առաջին փորձից արբանյակ ուղարկել Մարս:  

Արբանյակի առաջադրանքներից է Մարսի մակերեւույթի եւ դրա բաղադրության հետազոտումն ու  դեպի Մարս հետագա թռիչքների տեխնոլոգիայի մշակումը:

Սպասվում է, որ սարքը Մարսում կմնա մոտ 6 ամիս:

Աղբյուրը հիշեցնում է, որ տիեզերական արբանյակն արձակվել էր 2013թ. նոյեմբերի 5-ին: Ըստ մամուլի՝ առաքելությունը Հնդկաստանի համար արժեցել է 67 մլն դոլար, ինչն ամենաէժանն է համանման առաքելություններից:

ISRO-ն նախատեսում է 2017-ից 2020թթ. ընթացքում Մարս ուղարկել հաջորդ սարքը՝ մեծ քանակությամբ գիտական սարքերով: