NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Al Jazeera»-ի կայքում հրապարակված՝ ֆրանսիական «Marianne» պարբերականի բրիտանական խմբագիր, քաղաքական վերլուծաբան Անիես Պուարյեի հոդվածը:
Շառլ Ազնավուրը՝ Էդիտ Պիաֆի տղամարդ համարժեքը Ֆրանսիայում, տարեսկզբից շրջագայում է աշխարհում իր ենթադրյալ հրաժեշտի համերգաշարով: Թել Ավիվից, Երեւանից, Հռոմից, Բարսելոնայից, Բեռլինից, Լոնդոնից, Վարշավայից, Մոնրեալից, Լոս Անջելեսից եւ Նյու Յորքից հետո Ազնավուրը հաջորդ շաբաթ ելույթ է ունենալու Մոսկվայում, այնուհետեւ Ժնեւում եւ Անտվերպենում:
90-ամյա ֆրանսիական երգիչը ֆենոմեն է բազմաթիվ այլ առումներով: Նրա երկարակեցությունը, իհարկե, հրաշալի է, բայց այն, ինչ նա ներկայացնում է, հավանաբար, ավելի տպավորիչ է: Լինելով Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ում եւ Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում, որտեղ նա ապրում է, Ազնավուրը նաեւ դիվանագետ եւ մարդասեր է, ում կարիերան կինոյում եւ երգարվեստում ավելի քան 70 տարի է ձգվում:
Մի քանի շաբաթ առաջ Ազնավուրը հանդես եկավ Իրաքի քրիստոնյաներին սատարելու օգտին, ովքեր փախչում են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» հետապնդումներից: Նա ֆրանսիական կառավարությանը կոչ արեց հնարավորինս շատ փախստականների ընդունել Սիրիայից եւ Իրաքից:
Լարվածության, ազգայնականության եւ կրոնական ատելության ժամանակներում Շառլ Ազնավուրը՝ Ֆրանսիայի ազգային արժեքը, թվում է, անհետացող մարդասեր տեսակի վերջին ներկայացուցիչներից է: Հանդուրժողականությունն ու հսկայական տաղանդը, որոնք լրացնում են նրա անկրկնելի հմայքը, Ազնավուրի արտասովոր երկարատեւ գրավչության երկու կողմերն են:




























