Կոսովոյի նախադեպը շարունակում է ազդել կովկասյան տարածաշրջանի վրա: Այս մասին հայտարարել է «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի (Թբիլիսի) գործադիր տնօրեն  Գեորգի Կանաշվիլին` Երեւանում «Ուկրաինայի ճգնաժամի հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քաղաքացիական լսումների ժամանակ: Լսումները տեղի են ունեցել Վրաստանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Հայաստանից լրագրողների եւ փորձագետների մասնակցությամբ:

Ըստ նրա` նախադեպի կարեւորությունն ընդգծվել է Ղրիմի իրադարձություններով: «Օրինակ` մենք տեսնում ենք, թե ինչպես է փորձում իր համար որոշակի օգուտ քաղել Հարավային Օսիայի քաղաքական վերնախավի մի մասը. Ղրիմի բռնակցմանը զուգահեռ`   Ռուսաստանի կազմում ընդգրկվելու  նրա ցանկությունը  ձեռք է բերում հիմնավորված եւ բավականին  «օրինական» ձեւ: Ամենայն հավանականությամբ,  առաջիկայում այդ ցանկության իրականացումը քիչ հավանական է, սակայն դա հերթական անգամ ցույց է տալիս «նախադեպերի» կարեւորությունը», - հավելել է Կանաշվիլին:

Ըստ նրա` Ռուսաստանի հետ դաշինքն ամրապնդելու միտում է նկատվում նաեւ Աբխազիայում, սակայն այստեղ, ի տարբերություն Հարավային Օսիայի, քաղաքական վերնախավի շրջանում  ուժեղ է պետականությունը պահպանելու ցանկությունը: Սակայն Աբխազիայի ազգային ծրագիրը հիմնվում է հիմնականում էթնիկ աբխազների վրա:  «Մեզ հայտնի չեն  այլ խոշոր խմբերի (հայեր, վրացիներ, ռուսներ) հավատարմության որակը եւ մակարդակը այս ծրագրի հարցում: Նոր մարտահրավերներին զուգահեռ` այս գործոնը կարող է ձեռք բերել որակական լուրջ ծանրաբեռնվածություն», - հավելել է Կանաշվիլին: