Հայաստանը տարածաշրջանում Ֆրանսիայի ամենամտերիմ ու հավատարիմ գործընկերն է, այդ պատճառով գյուղատնտեսության նախարարությունը  շատ է  կարեւորում ֆրանսիական կողմի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Էրվե Փիշոնի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Իր հերթին Էրվե Փիշոնը համառոտ ներկայացրել է ինստիտուտի գործունեությունը, տեղեկացնելով, որ այն ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին նմանատիպ կառույց է: Նրա տեղեկացմամբ` Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտը հավաքագրում է աշխարհագրական տվյալներ, մասնավորապես` պտղատու եւ խաղողի այգիների, վարելահողերի եւ այլ հանդակների վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել նաեւ գյուղատնտեսության բնագավառում:

Պարոն Փիշոնը համոզմունք է հայտնել, որ ինստիտուտի հավաքագրած եւ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ունեցած տվյալների համադրման արդյունքում հնարավոր կլինի ստանալ առավել ստույգ աշխարհագրական տեղեկություններ: 

Հյուրն անդրադարձել է նաեւ Հայաստանում նման ծրագրի իրականացման ֆինանսավորման հարցին եւ նշել, որ Ֆրանսիայի կառավարությունը հարավկովկասյան երկրների համար հատկացրել է ֆինանսական միջոցներ` նախնական բանակցություններ վարելու եւ համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Նախարար Սերգո Կարապետյանը կարեւորել է այս նախաձեռնությունը Հայաստանում իրականացնելու առաջարկը, նշելով, որ նման աշխատանք արդեն կատարվել է գերմանական GIZ կազմակերպության կողմից, եւ այսօր արդեն հայտնի է հանրապետության անտառային տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը:

«Մեզ համար շատ կարեւոր է ունենալ հանրապետության խաղողի եւ պտղատու այգիների, վարելահողերի, դրանց օգտագործման մակարդակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ: Ելնելով հարցի կարեւորությունից, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցել ծրագրի իրագործմանը՝ նրա բոլոր փուլերում», - նշել է  նախարարը:   

Պարոն Փիշոնի խոսքով` անհրաժեշտ  ուսումնասիրություններից եւ Հայաստանի համար կարիքների հստակեցումից հետո անհրաժեշտ կլինի ստանալ պաշտոնական հայտաձեւ Ֆրանսիայի կառավարության կողմից ծրագրի ամբողջական ֆինանսավորումն ապահովելու համար: