Ուկրաինան եւ Վրաստանը հաշվի չառան Հայաստանի բազմամյա փորձը, Երեւանում «Ուկրաինայի ճգնաժամի հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում» թեմայով քաղաքացիական լսումների ժամանակ հայտարարել է աբխազ լրագրող Թեա Արշբան: Լսումներին մասնակցում էին փորձագետներ եւ լրագրողներ Հայաստանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Վրաստանից:
Ըստ նրա` ղարաբաղյան հիմնախնդրի սուր փուլն ավարտվելուց հետո պաշտոնական Երեւանը զգացել է միայն մեկ գերտերության խաղի կանոններն ընդունելու վտանգը: Հենց դրանով էլ պայմանավորված է երկար տարիներ միանշանակ կողմնորոշված արտաքին քաղաքականություն վարելու ցանկության բացակայությունը: «Վրաստանի դասը, որը խիստ կողմնորոշում ուներ դեպի մեկ ուժ, եւ որը ուժով փորձեց այդ կողմնորոշումն անցկացնել ներքին խնդիրներում եւ 2008 թ. պարտության մատնվեց, չազդեց Ուկրաինայի վերնախավի վրա», - ընդգծել է Արշբան:
Ըստ նրա` ներքին խնդիրներն ագրեսիվ քաղաքականություն վարելու ճանապարհով լուծելու Կիեւի ներկայիս ձգտումը չէր կարող Ուկրաինային չհասցնել «կովկասյան սցենարին». Հիմնախնդրի սուր փուլը վաղ թե ուշ կավարտվի եւ կվերաճի «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի, ինչպես Կովկասում եւ Մերձդնեստրում: «Երբ Կիեւի Մայդանում պարզ դարձավ, որ Ուկրաինայի վերնախավը` որպես խնդրի լուծման բաղադրատոմս, դրույքներ է կատարում հենց նույն մեթոդներով, ինչ եւ Վրաստանը 20 տարի առաջ, արդեն հասկանալի էր, թե ինչի կհանգեցնի այդ քաղաքականությունը», - հավելել է նա:



























