Եվրամիությունը գազի հարցով բանակցությունների եւ դրա մատակարարումների վերսկսման հարցում արագ եւ որոշիչ առաջընթաց է ակնկալում: Այս մասին հայտնում է  «Ուկրաինսկայա պրավդան»՝ մեջբերելով Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի պատասխան նամակը Վլադիմիր Պուտինին:

 «Առանցքայինը Ուկրաինայի քաղաքացիներին էներգակիրների  մատակարարման վերսկսումն է եւ ԵՄ-ի հաճախորդների առաջ ունեցած պայմանագրային բոլոր պարտավորությունների կատարումը», - ասվում է նամակում: Ըստ Բարոզուի՝ ԵՄ-ն ակնկալում է «փոխադարձ ընդունելի միջանկյալ լուծում գալիք ձմռանը»՝ Եվրահանձնաժողովի փոխզիջումային առաջարկությունների հիման վրա: 

Իր նամակում Բարոզուն նաեւ պատրաստակամություն է հայտնել շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ՝ Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը  կյանքի կոչելու հարցով:

Սեպտեմբերի 29-ին Եվրամիության խորհուրդը որոշում էր ընդունել Ուկրաինայի հետ ԵՄ-ի ասոցացման համաձայնագրի ստորագրումը մինչեւ 2015 թ. վերջ հետաձգելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ուկրաինան համաձայնել է ռուսական գազի համար կանխավճար փոխանցել: