Սեպտեմբերի 28-30-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար եւ ՄԱԿ-ի Զարգացման խմբի նախագահ Հելեն Քլարկը առաջին անգամ ժամանել էր Հայաստան, որտեղ քաղաքացիական հասարակության, կին առաջնորդների եւ միջազգային զարգացման գործընկերների հետ քննարկումների ժամանակ ընդգծել է քաղաքացիական ներգրավվածության սկզբունքի կարեւորությունը զարգացման աջակցության գործում:
«ՄԱԶԾ-ն համագործակցում է Հայաստանի ժողովրդի եւ կառավարության հետ` ներկայի եւ ապագայի մարտահրավերների դեմ զարգացման լուծումներ գտնելու ուղղությամբ: Հայերը շատ գործունյա եւ կարող ժողովուրդ են: Իմ կարճատեւ այցի ընթացքում ես շատ եմ տպավորվել այստեղ առկա պրոֆեսիոնալիզմի մակարդակով եւ տաղանդով: Ինձ շատ է ոգեւորում նաեւ կանանց առաջնորդության զարգացումը, այդ թվում` տեղական մակարդակում»:
Հելեն Քլարկը տպավորված էր նաեւ նորարարության ուղղությամբ կատարված աշխատանքներով, այն է` «փորձագետ քաղաքացի» գաղափարի միջոցով բնակչության մասնակցության խթանումը կառավարման, ինչպես նաեւ զարգացման լուծումների եւ արդյունավետ հանրային ծառայությունների նախագծման գործում: ՄԱԶԾ-ն լայն հնարավորություններ է ստեղծում, որպեսզի քաղաքացիները մասնակցեն զարգացման լուծումների մշակմանը եւ տարածեն իրենց գաղափարները կառավարության եւ քաղաքացիական հասարակության շրջանում:
Քլարկը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ մասնակցությունը ՄԱԿ-ի քննարկումներին այն նոր նպատակների շուրջ, որոնք 2015թ.-ից հետո փոխարինելու են Հազարամյակի զարգացման նպատակներին: Նա անդրադարձել է «Ապագան, որ ուզում ենք» գլոբալ քննարկումներին`այն աշխարհի մասին, որտեղ ցանկանում ենք ապրել 20 տարի անց: «Հինգ միլիոն մարդիկ ամբողջ աշխարհում մասնակցել են երկխոսությանը եւ բարձրաձայնել իրենց առաջնահերթությունները: Նրանք ուզում են նոր աշխատատեղեր, բարելավված կրթություն եւ առողջապահություն, ինչպես նաեւ ազնիվ ու արդյունավետ կառավարում»,-ասել է Հելեն Քլարկը:
Հայաստանի մարզերի կին առաջնորդների հետ քննարկման ժամանակ Հելեն Քլարկը կիսել է իր անձնական փորձն ու գաղափարները եւ իր աջակցությունը հայտնել կանանց իրավազորմանը. «Շատ ժամանակ եւ աշխատասիրություն է պահանջվում, որպեսզի կանայք բարձունքի հասնեն: Անհրաժեշտ է նպատակասլաց եւ սեփական հնարավորությունների վրա վստահ լինել: Փորձի փոխանակման եւ միմյանց օժանդակելու համար կարեւոր է նաեւ առաջնորդ պաշտոններում գտնվող կանանց խմբերի ստեղծումը»: Հելեն Քլարկը բարձր է գնահատել նաեւ ՄԱԶԾ-ԵՄ համատեղ նախաձեռնության` «Կանայք տեղական ժողովրդական գործընթացներում» ծրագրի արդյունքները:
Մեկնաբանելով Հայաստանում ՄԱԶԾ-ի ռազմավարական առաջնայնությունների հարցը` Հելեն Քլարկն ընդգծել է, որ ՄԱԶԾ-ն անկողմնակալ գործընկերոջ դեր է կատարում այնպիսի բարդ խնդիրներին անդրադառնալիս, ինչպիսին են մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, եւ կանանց ու տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը: Նա առաջարկել է նաեւ ՄԱԶԾ-ի շարունակական աջակցությունը համայնքային կառավարման բարելավման եւ տեղական զարգացման համար: Նա կարեւորել է երիտասարդների դերը եւ նրանց գործազրկության բարձր ցուցանիշները հաղթահարելու անհրաժեշտությունը: Կենտրոնանալով կայուն զարգացման սկզբունքների վրա` նա առաջարկել է ՄԱԶԾ-ի աջակցությունն էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի լավագույն օրինակները տարածելու գործում:
Հելեն Քլարկը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության, կին առաջնորդների եւ զարգացման գործընկերների հետ: Նա այցելել է նաեւ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնք` ծանոթանալով չորացրած մրգի հավաքագրման կենտրոնին, որը կառուցվել է տեղական իշխանությունների, բիզնեսի եւ համայնքային կազմակերպությունների կողմից` ՄԱԶԾ-ի աջակցությամբ:
Իր այցելության ընթացքում Հելեն Քլարկին ուղեկցում էին ՄԱԶԾ-ի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ջիհան Սուլթանօղլուն, ինչպես նաեւ ՄԱԶԾ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:




























