Հայաստանի  հարկադիր կատարման  ծառայության միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընթերցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը: Ուղերձում, մասնավորապես, նշվում էր.

«Համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում մասնավորապես ասված է.

«Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ: Ողջունում եմ ձեզ «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական եւ նորարարական լուծումները» թեմայով կազմակերպված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողի կապակցությամբ:

Հայաստանում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կատարողական վարույթի հիմնախնդիրներին նվիրված արդեն երկրորդ համաժողովի անցկացումը վկայում է այն մասին, որ մեր երկիրը զգալի տեղ է հատկացնում այս ոլորտում միջազգային համագործակցությանը, միջպետական շփումներին եւ հետեւողական է տարբեր ձեւաչափերով նմանատիպ միջոցառումների կազմակերպման եւ անցկացման միջոցով առաջադեմ փորձի փոխանակման հարցում:

Դատական կատարողների միջազգային միության ղեկավարության եւ մի շարք երկրների համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը համաժողովին խոսում է ինչպես ընտրված թեմայի արդիականության, այնպես էլ ոլորտին առնչվող ժամակարգային եւ ինստիտուցիոնալ հիմնախնդիրների քննարկման, դրանց հնարավոր լուծման ուղիների որոնման հարցում փոխադարձ շահագրգռվածության մասին:

Կարիք չկա հիմնավորելու եւ ապացուցելու, թե պետության եւ հասարակության համար ինչ նշանակություն ունի դատական եւ վարչական ակտի պահանջը ժամանակին եւ ճշգրիտ կատարելը: Այսօր Հարկադիր կատարման ծառայությունն էական ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում օրինականության եւ իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված իրավունքների ապահովման գործում:

Հարկադիր կատարողների կողմից նորագույն տեխնոլոգիաների յուրացումը, աշխատանքի նոր մեթոդների եւ ձեւերի ներդրման ուղղությամբ հետեւողական ջանքերը նորանոր նվաճումների եւ առաջընթացի երաշխիք են:

Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ, բեղմնավոր, աշխատանք եւ լիահույս եմ, որ համաժողովը կծառայի իր նպատակին»: