Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սամվել Մամյանի վրա հոկտեմբերի 14-ին սարում արջ է հարձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից, որտեղ էլ տեղափոխվել է Սամվել Մամյանը:
«Սամվել Մամյանը մեզ մոտ է տեղափոխվել ծակած-կտրած վերքերով մարմնի, գլխի, վերջույթների հատվածում: Ստացել է ամբուլատոր բուժում, վերքերի մշակում, հակակատաղության վակցինա եւ փայտացման դեմ պատվաստում եւ դուրս է գրվել՝ տանը շարունակելով բուժումը»,- ասաց կենտրոնի վիրաբուժության բաժնի վարիչ Դանիել Ամիրաղյանը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան Նոյեմբերյանից բավականին հեռու գտնվող հանդամասում: Սամվել Մամյանը, կորած հորթերին փնտրելիս, հանդիպել է արջին, որն էլ հարձակվել է վերջինիս վրա:
«Լավ է, շունն այդ պահին կողքին է եղել, հարձակվել է արջի վրա, վերջինն էլ փախել է: Շան օգնությամբ է, որ Սամվել Մամյանը շատ ծանր վնասվածքներ չի ստացել»,- ավելացրեց Դանիել Ամիրաղյանը:




























