Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հաստատել է կառավարության նոր կազմը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայության պետին։
Ըստ փոփոխությունների՝ նոր կառավարությունում, նշում է աղբյուրը, երեք փոխվարչապետ կլինի։ Առաջին փոխվարչապետ է նշանակվել Շամիլ Աձինբան՝ սպորտի պետական կոմիտեի նախկին պետի տեղակալը։ Սուխումի հայ համայնքի պետ Սուրեն Կերսելյանը դարձել է երկրորդ փոխվարչապետ։ Նա էլ կգլխավորի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը։ Երրորդ փոխվարչապետն է Վիկտոր Խիլչեւսկին, որը միաժամանակ լինելու է էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի նախարար։ Ավելի վաղ կառավարությունում նման նախարարություն չկար։
Գործակալությունը հիշեցնում է, որ օգոստոսի 24-ին Աբխազիայում նոր նախագահի ընտրություններ էին տեղի ունեցել։ Նախագահ էր դարձել Հաջիմբան՝ 50,6% ձայնով։ Սեպտեմբերի 25-ին նա ստանձնել էր նախագահի պաշտոնը։ Սեպտեմբերի 26-ին Աբխազիայի նախկին կառավարությունը հրաժարական էր տվել։




























