Միաբեւեռ աշխարհի կողմնակիցների համար շահեկան է ռուսական ռուբլու անկման մասին խոսակցությունները թեժացնելը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:
«Քաղաքական մեծ պայքար է ընթանում: Մենք գիտեինք, որ երկար տարիներ աշխարհն ընթանում էր միաբեւեռ ուղիով: Հիմա Ռուսաստանն արթնացել է քնից եւ ցանկանում է վերականգնել նախկին ուժային բեւեռը: Եվ բնական է, որ նրա հակառակորդը հակված չէ դրան համաձայնել եւ ամենատարբեր քայլերն է ձեռնարկում: Այստեղ ե՛ւ նավթի գների անկումն է, ե՛ւ ռուբլու արժեզրկումը, ե՛ւ պատժամիջոցները, ե՛ւ նման այլ գործողություններն ու ծրագրերը: Այդ ամենն արվում է՝ հայացքները դեպի Ռուսաստան ուղղող երկրներին պահելու համար: Եվ այստեղ օգտագործվում են ոչ միայն նյութական, այլեւ հոգեբանական մեթոդներ: Դրանցից մեկն էլ ռուբլու արժեզրկման մասին մտավախությունները թեժացնելու փորձն է»,- հայտարարեց Բոստանջյանը:
Նշենք, որ ռուբլու փոխարժեքը շարունակում է նվազել արդեն շուրջ մեկ ամիս: Մոսկովյան բորսայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 16-ին կազմել է ավելի քան 40 ռուբլի (մեկ դոլարը՝ 40.94 ռուբլի), եվրոյի փոխարժեքը՝ ավելի քան 52 ռուբլի (մեկ եվրոն՝ շուրջ 52.12 ռուբլի):
Շարունակում է նվազել նաեւ Brent տեսակի նավթի գնանշումը. եթե հունիսին Չիկագոյի ապրանքային բորսայում այն վաճառվում էր ավելի քան 110 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ապա հոկտեմբերի 16-ին նոյեմբերյան ֆյուչերսի գնանշումը կազմել է 83-84 դոլար:




























