Դերասան Վարդան Պետրոսյանը, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը եւ իր ընկերները, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական բանտարկյալներ են ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, NEWS.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որն այսօր ներկա է Վարդան Պետրրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստին։
«Սա քաղաքական որոշում է, այս բանտարկյալների անմեղության կանխավարկածն արդեն խախտվել է, սակայն կսպասենք դատավարության ավարտին, կտեսնենք՝ արդյոք իրավական որոշում կկայացնի դատարանը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ նրանց նկատմամբ անմեղության կանխավարկածը խախտել են Հայաստանի գործադիր իշխանությունն ու Սերժ Սարգսյանը։
Րաֆֆի Հովհաննիսյանը «քստմնելի եւ դատապարտելի» քայլ անվանեց Վարդան Պետրոսյանի ճաղերի հետեւում լինելու փաստը եւ ազատություն մաղթեց բոլոր քաղբանտարկյալներին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։



























