«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործը դեռ դատարան չի ուղարկվել: ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանի միջնորդությունները մերժվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նա միջնորդել էր, որպեսզի կատարեն մի շարք քննչական գործողություններ, օրինակ՝  առերեսումներ որոշակի անձանց հետ, որոշակի անձանց հեռախոսհամարների վերծանումներ ստանան, քանի որ դրանց միջոցով էական հանգամանքներ կպարզվեն: Երեմ Սարգսյանը պահանջում էր դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը պաշտպանության հիմքով:

Փաստաբանն ասաց, որ իր համար պարզ էր, որ միջնորդությունները կմերժվեն, քանի որ քննչական մարմինը այլ դիրքորոշում է որդեգրել այս գործով: Այժմ փաստաբանը պատրաստվում է բողոք ներկայացնել դատախազին, որպեսզի վերացնի քննիչի որոշումը: Երեմ Սարգսյանը շեշտեց, որ ի վերջո ուզում է հասկանալ՝ որն է այս գործով դատախազության դիրքորոշումը, արդյոք նույն դիրքորոշումն է, ինչ-որ Քննչական կոմիտեինը: Փաստաբանն ասաց, որ եթե իր բողոքը մերժեն, ինչը հավանական է համարում, ապա մինչեւ շաբաթվա վերջ հնարավոր է գործը ուղարկվի դատարան:

Նշենք, որ այս գործով 3 մեղադրյալ կա:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։