Հոկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վատիկանի մշակույթի գծով քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավասին:

Համայն հայության հոգեւոր կենտրոնում կարդինալ Ռավասիի գլխավորած պատվիրակությանը ողջունեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Հյուրերին փոխանցելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները` Հովակիմ Սրբազանը զրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ առկա ջերմ հարաբերություններին եւ սերտ գործակցությանը: Իր հերթին կարդինալ Ռավասին փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետին ուղղված Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի եղբայրական ողջույնները:

Այնուհետեւ կարդինալ Ջանֆրանկո Ռավասին այցելեց Մայր Տաճար, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ Իջման Սուրբ Սեղանի առաջ աղոթք կատարվեց երկու Քույր Եկեղեցիների պայծառության համար:

Վատիկանի մշակույթի գծով քահանայապետական խորհրդի նախագահն եղավ նաեւ Մայր Աթոռի «Ռուբեն Սեւակ» թանգարանում: