Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի հայտարարությունը սպասելի էր. այն Աքվիլայում ընդունված հայտարարության կրկնությունն էր՝ բացառությամբ տեքստում տեղ գտած թարգմանչական մտահոգիչ նրբությունների։ Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների՝ հունիսի 26-ին «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությանը։

Նրա խոսքով, չնայած հայտարարության տեքստում տեղ գտած թարգմանչական բնույթի թյուրիմացություններին՝ մեծ վտանգ այդ հայտարարությունից չարժե սպասել։ «Կարծում եմ, որ Կանադայում արված հայտարարության մեջ չպետք է վտանգ տեսնել, քանի որ չկա միջազգային հանրության այն միասնական ուժը, որը կարող է Հայաստանին կամ Ադրբեջանին ինչ-որ տարբերակ պարտադրել»,- նշեց քաղաքագետը՝ միաժամանակ ավելացնելով, որ Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի հայտարարության մեջ նույնիսկ դրական բան կար։

«Օրինակ, այդ հայտարարության մեջ կան ուժի չկիրառմանն ու բանակցային գործընթացը շարունակելու մասին կետեր։ Սա, կարծում եմ, բավական լուրջ կերպով կարող է ազդել Ադրբեջանի վրա»,- նկատեց Բոզոյանը՝ հատկանշական համարելով, որ այս հայտարարությամբ միջնորդ երկրները փորձում են չսրել տարածաշրջանային իրավիճակը եւ հավասարակշռված քաղաքականություն վարել։

Անդրադառնալով այդ հայտարարությանը Հայաստանի ԱԳՆ արձագանքին՝ քաղաքագետն ընդգծեց, որ այն բավական արագ տրվեց։ «Հայաստանի ԱԳՆ-ի կողմից  միանգամից դրական արձագանք տալն այնքան էլ ճիշտ չէր։ Ադրբեջանն այս առումով իրեն ավելի ծանր պահեց։ Լավ կլիներ, եթե մենք էլ մեզ մի փոքր ավելի ծանրակշիռ պահեինք»,- համոզմունք հայտնեց Բոզոյանը՝ Հայաստանի արագ արձագանքին հակադրելով ԼՂՀ լռությունը. «Տարակուսելի է եւ տարօրինակ, որ կատարվածին չարձագանքեց ԼՂՀ նախագահը։ Այնտեղ մի տեսակ հետ են սովորել դիվանագիտությամբ զբաղվելուց»,- ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հունիսի 26-ին «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում համատեղ հայտարարություն են ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ: Դրանում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները «որպես կարեւոր քայլ են դիտարկում երկու կողմերից այն փաստի ընդունումը, որ ամուր կարգավորումը պետք է հիմնված լինի մի շարք սկզբունքների վրա, մասնավորապես՝ ԼՂ-ի շուրջ տարածքների վերադարձման, ԼՂ-ի համար միջանկյալ կարգավիճակի, անվտանգության եւ ինքնավարության երաշխիքների ապահովման, Հայաստանն ու ԼՂ-ն իրար  կապող միջանցքի սկզբունքների վրա»: