Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի ընտրության հանձնաժողովն իր գործունեության ընթացքում, իհարկե, ունեցել է որոշակի թերություններ, բայց չեմ կարծում, որ դրանք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի փաստաբանների միության նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ «Իրավունքի Եվրոպա միավորման» ՀԿ անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը զեկույց է ուղարկել ԵԽԽՎ եւ հույս ունի, որ ԵԽԽՎ-ն ոչ միայն ընտրություն չի կատարի ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացրած ցուցակում հայտնված թեկնածուների ցանկից, այլեւ կարող է որակազրկել նրանց, քանի որ մրցույթը տեղի է ունեցել աղաղակող խախտումներով:
«Որեւէ հասարակական կազմակերպության զեկույցը, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, պետք է հաշվի առնել, հատկապես, եթե այդ կազմակերպությունը որպես դիտորդ հետեւել է գործընթացին եւ զեկույց պատրաստել: Դա օգնում է, որ ցանկացած գործընթաց ավելի լավ աշխատի: Այդ իմաստով, մենք անմիջապես քննարկման առարկա ենք դարձրել այդ զեկույցը»,-ասաց Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած տեսակի ընտրություն ինքնին ենթադրում է որոշակի սուբյեկտիվիզմ: «Այս դեպքում էլ իհարկե, սուբյեկտիվիզմից գուցե հնարավոր չի եղել խուսափել, բայց այդ ամենով հանդերձ, առկա թերությունները չեմ կարծում, թե կարող էին ազդել արդյունքների վրա»,-ընդգծեց Փաստաբանների միության նախագահը:
Դիտարկմանը, որ Տիգրան Եգորյանը նշել է նաեւ, որ մրցութային հանձնաժողովը գործել է գաղտնի կամ կիսագաղտնի ռեժիմով, եղել են աղաղակող խախտումներ, մասնավորապես, ժամկետի ավարտից հետո երեք թեկնածուների գրանցելու մասով, Արա Ղազարյանը արձագանքեց. «Երեք թեկնածուների մասով նույն ՀԿ-ն աղաղակում էր մինչ այդ: Մեր կողմից կլիներ ամենամեծ խախտում, եթե չանդրադառնայինք այդ հայտարարություններին: Հանձնաժողովում մանրամասն քննել ենք բոլոր երեք թեկնածուների գործերը: Երկուսի մասով խնդիր կար: Այդ անձանց հրավիրել ենք հանձնաժողովի նիստին, որպեսզի նրանց իրավունքը եւս չոտնահարվի: Բնական է, որ նրանց լսելու հնարավորություն պիտի տրվեր, բայց քանի որ այդ զրույցի ընթացքում կասկածները չփարատվեցին, նրանք անձամբ առաջարկեցին դիմումներ գրել ու դուրս գալ մրցույթից»:
Արա Զոհրաբյանը բացառեց, որ նրանց ստիպել են հրաժարականի դիմումներ գրել. «Ստիպողական ոչինչ չի եղել: Կամավոր են գրել, ես անձամբ ներկա եմ եղել»:
«Պատկերացրեք հանձնաժողովը այդ հարցը չքննարկեր, դա կլիներ ամենամեծ խախտումը»,-ամփոփեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ին տված հարցազրույցում «Իրավունքի Եվրոպա միավորման» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը նշել էր, որ կողմից հրապարակված նախնական զեկույցն արդեն իսկ ուղարկվել է նաեւ ԵԽԽՎ եւ որ հատկապես կարեւոր է խորհրդատվական մարմին եւ բոլոր հիմքերն ունենք ակնկալելու, որ ԵԽԽՎ-ն ոչ միայն ընտրություն չի կատարի ներկայացված ցուցակում հայտնված թեկնածուների թվից, այլեւ կարող է որակազրկել այդ անձանց եւ իր մտահոգությունը հայտնել թափանցիկ եւ արդարացի մրցույթ անցկացնելու Հայաստանի իշխանությունների չկամության կապակցությամբ:
ԵԽԽՎ-ն կարող է որակազրկել Հայաստանի դատավորի 3 թեկնածուներին. Հարցազրույց




























