Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 4-ին, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Կայրատ Մամիին:
Կողմերը ներկայացրել են վերջին տարիներին իրենց երկրներում իրականացված օրենսդրական, դատաիրավական բարեփոխումները, խոսել են ապագա ծրագրերից եւ նոր զարգացումներից: Հանդիպման ընթացքում կարեւորվել է արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես, Եվրասիական միության շրջանակում:
ՀՀ արդարադատության նախարարը եւ Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը ընդգծել են փորձի փոխանակման կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Կողմերը հույս են հայտնել, որ նախկինում երկու երկրների դատաիրավական համակարգերի միջեւ ձեւավորված սերտ կապերն ավելի կամրանան:





























