Ադրբեջանի քարոզչամեքենան շարունակում է նախորդ տարվանից ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի դեմ սկսած լկտի սադրանքները:

Vesti.az-ը հայտնում է, թե իբր ֆրանսիացի պատգամավորի գործողությունից տուժած ադրբեջանցիները՝  Փարիզում «Ադրբեջանի տան» ղեկավար Միրվարի Ֆաթալիեւան եւ ուսանող Վյուսալ Հուսեյնովը, մտադիր են հետագայում էլ  շարունակել դատավարությունը: Երկուսն էլ շարունակում են պնդել, որ  ծեծվել են 2013 թ. փետրվարի 26-ին՝ «Սումգայիթի դեպքերից 25 տարի անց. Ներկայիս իրավիճակը եւ հետագա հեռանկարները  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար» միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի Ազգային ասամբլեայում՝ հայ համայնքի ներկայացուցիչների կողմից:  Միջոցառման կազմակերպիչը ֆրանսիացի խորհրդարանական Ֆրանսուա Ռոշբլուանն էր: 

Ֆաթալիեւան եւ Հուսեյնովը սողոսկել էին  նիստերի դահլիճ եւ փորձել խափանել միջոցառումը: Այնուհետեւ ադրբեջանցիները պնդում էին, որ նիստի անդամները եւ պատվարժան խորհրդարանականը «հարձակվել են իրենց վրա եւ ծեծել»: Իբր  վնասվել էին Հուսեյնովի ներքին օրգանները, կոտրվել էր կողոսկրը:  Ադրբեջանցիները փորձել էին աղմուկ բարձրացնել՝ իրենց իսկ հրահրած խառնաշփոթում: «Դեպքի վայր» էր կանչվել Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը, բուժզննում էր անցկացվել: 

Քրեական գործը կարճվել է: Սակայն ադրբեջանցիները չեն հանգստանում: Վերջերս Ֆաթալիեւան եւ Հուսեյնովը դիմել են  Փարիզի Գերագույն դատարան՝ կրկնակի քրեական գործ հարուցելու համար: