Հայաստանի ամբողջական գազաֆիկացումը հանգեցրեց ռուսական գազամատակարարումից երկրի կախվածության կտրուկ աճին: Ներկայում մեր ներկրման մեկ տասներորդ մասը բաժին է ընկնում այդ էներգակրին (առանց հաշվի առնելու իրանական գազը, որը մատակարարվում է էլեկտրաէներգիայի դիմաց): Հայաստանում բաշխվող գազի շուրջ 70%-ը մատակարարվում է բնակչությանը (շուրջ 40%) եւ ավտոգազալցակայաններին (շուրջ մեկ երրորդը):
Երկրի ավտոմոբիլային պարկի կայուն աճը, որոնց մեծ մասն աշխատում է գազով, նպաստում է բնական գազի պահանջարկի աճին: Նման արդյունքի է հանգեցրել նաեւ բնակչության շրջանում գազօջախների, ինչպես նաեւ գազի կաթսաների եւ տաքացուցիչ այլ սարքերի օգտագործումը: Հիշեցնենք, որ երկրի գազաֆիկացման սկզբում շեշտը դրվում էր ռուսական «էժան» գազի, այլ ոչ թե տեղական «թանկ» էլեկտրաէներգիայի վրա:
Բնական գազի սակագնի անշեղորեն բարձրացումը բավական թանկացրեց «էժան» բնական գազը: Անցյալ տարվա հուլիսին բնական գազի սակագինը հերթական անգամ բարձրացավ. շարքային սապռողների համար՝ 18.2%-ով, խոշորների համար՝ 13.9%-ով:
Պատճառը ներկրվող ռուսական գազի թանկացումն էր (մինչեւ 270 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց), որը շուտով էժանացավ (մինչեւ 189 դոլար): Իսկ որպեսզի սպառողները չանցնեն էլեկտրաէներգիայի, բավական մշուշոտ «հիմնավորումներով» շուրջ 10%-ով թանկացավ վերջինի սակագինը:
Հայաստանի համար, Մաքսային միության շրջանակում ապագա համագործակցության հաշվին կանխավճարով, ռուսական գազի մաքսատուրքը վերացվեց: Դրա հետեւանքով այդ էներգակրի գինն ընթացիկ տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակում նվազեց մինչեւ վերը նշված 189 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Բայց, չնայած այդ հանգամանքին, սպառողներին հասնող գազի գինը մնաց նույնը, այսինքն՝ բարձրացած մակարդակին: Արդյունքում «գազային» մենաշնորհատիրոջ շահույթը զգալիորեն ավելացավ:
Նշենք, որ անցյալ տարի Բելառուսի համար նույն ռուսական գազը մատակարարվում էր փաստացի գնով. 1000 խորանարդ մետրը՝ 166 դոլարով: REGNUM գործակալության փոխանցմամբ, Բելառուսի Նախարարների խորհրդի փոխնախագահը վերջերս հայտարարել է, որ ռուսական գազի մատակարարման մասին նոր պայմանագրով Բելառուսում օգտագործվելու է ավելի վաղ ընդունված հաշվարկի բանաձեւը: Եվ գազի սակագնի նվազման հույսեր կան: Հետաքրքիր մանրուք. այդ բանաձեւը հիմնվում է... Ռուսաստանի Յամալո-Նենեցկի ինքնավար մարզի համար բնական գազի գնի վրա:





























