Վրաստանում ադրբեջանցի օլիգարխի գործողություններով պայմանավորված սկանդալ է հասունանում:
haqqin.az-ը, վկայակոչելով վրացական լրատվամիջոցներին, հայտնում է, որ Վրաստանի հացահատիկ աճեցնողների ընկերակցությունը ադրբեջանցի պատգամավոր-մեծահարուստ Ասաբիլ Հասիմովին պատկանող «Կարատ-հոլդինգ» ընկերությանը մեղադրել է իրենց երկրի հացահատիկային եւ ալյուրաղացման արդյունաբերության շուկայում մենաշնորհ դիրքեր գրավելու մեջ: Ադրբեջանցի օլիգարխին պատկանող ընկերությունը բավականին զգալի ֆինանսական ռեսուրսների է տնօրինում եւ երկու տարվա ընթացքում կարողացել է գնել ոլորտի 5 խոշորագույն ձեռնարկություններին: Արդյունքում «Կարատ-հոլդինգը» դարձել է շուկայի միանձնյա առաջատարը: Հոլդինգը վերահսկում է ալյուրի վրացական շուկայի ավելի քան 60%-ը: Ադրբեջանցի պատգամավորին պատկանող ընկերության ձեռնարկությունների ընդհանուր արտադրողականությունը օրական կազմում է 1200 տոննա ալյուր, որը լիովին ծածկում է Վրաստանում ալյուրի նկատմամբ օրական պահանջարկը:
«Կարատ-հոլդինգ» ադրբեջանական ընկերության ներկայացուցիչ Ռենա Բաբաեւան, իր հերթին, կտրականապես հերքում վրացի հացահատիկ մեղադրանքները:
Վրաստանի հացահատիկ աճեցնողների ընկերակցությունը Մրցակցության գործակալությունում արդեն առաջադրել է Վրաստանի հացահատիկային արտադրանքի շուկայում մենաշնորհացման փաստի ուսումնասիրության հարցը:





























