Ես չգիտեմ՝ կա՞ն արդյոք նախադրյալներ իշխանություն-խորհրդարանական եռյակ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համար, սակայն դա չի նշանակում, որ ես հերքում կամ հաստատում եմ տվյալ տեղեկությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որ մոտ ժամանակներս Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու խորհրդարանական եռյակը (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») կհայտարարեն քաղաքական խորհրդակցությունների մեկնարկի մասին:

«Մենք ունենք մեկ օրակարգ՝ փոխել Հայաստանի քաղաքացիների կենսակերպը՝ ապահովել Հայաստանի քաղաքացու համար նորմալ կյանք: Դա վերաբերում է սոցիալական, իրավական եւ տնտեսական վիճակների ճգնաժամային մակարդակին: Իշխանությունը մերժելով մեր օրակարգը, որը հաստատվեց առաջին համապետական հանրահավաքում՝ ինքն իր գլխին բերեց իշխանափոխության հարցը», - նշեց Ուրիխանյանը: 

Ի պատասխան հարցին՝ իշխանությունը ի՞նչ պետք է անի, որպեսզի խորհրդարանական եռյակը համաձայնի քաղաքական խորհրդակցություններ անցկացնել, պատգամավորը լակոնիկ պատասխան տվեց. «Պետք է հեռանա»: