NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող Անն-Մարի ՄաքՔուինի՝ Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող «The National» պարբերականում տպագրված հոդվածը:
Երկու բան կա, որը Երեւան այցից առաջ հարկավոր է իմանալ. մի խնդրեք սուրճ թուրքական ձեւով եւ մի խոսեք Քիմ Քարդաշյանի մասին: Ռեալիթի-շոուի աստղը կամ նրա ընտանիքի մյուս անդամները ոչ ոքի չեն տպավորում՝ չնայած վերջինները հպարտորեն հայտարարում են իրենց հայկական արմատների մասին: Հայերն էլ ունեն այդ ըմպելիքի իրենց՝ ավելի թեթեւ, բայց նույնքան համեղ տարբերակը, այնպես որ պետք չէ ոչ ոքի վիրավորել՝ բարձրացնելով ցավոտ թեման:
Հայկական մայրաքաղաքն աշխարհի հնագույն անդադար բնակեցված քաղաքներից է, որը սկզբում ամրոց է եղել՝ հիմնադրված մ.թ.ա. 8-րդ դարում: Այն հարուստ պատմություն ունի եւ գոյատեւման հուշարձան է հանդիսանում: Իսկական ճանապարհորդները կսիրեն Երեւանի բազմաթիվ հասարակական վայրերն ու զբոսայգիները, որտեղ կյանքը եռում է՝ իր տեսակի մեջ արտասովոր, հասանելի եւ հետիոտնի համար հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելով:
Մի անգամ առավոտյան, զբոսնելով քաղաքի կենտրոնի ծառաշատ փողոցով, ես անցնում էի մարդկանցով լի ոչ մեծ զբոսայգիներով՝ վայելելով արեւը, իսկ երբ լսում էի ջերմ ողջույնները, ինձ մոտ տպավորություն էր ստեղծվում, որ բոլորը, կարծես, հին ընկերներ են: Երբ հայ հայտնի պոետ ու երգիչ Ռուբեն Հախվերդյանը կանգնեց՝ էլեկտրոկիթառով հաճելի բլյուզ նվագող փողոցային երաժիշտներին ողջունելու համար, ակնհայտ դարձավ, թե ինչու այստեղ չեն հանդուրժում Քարդաշյանի ոճի մարդկանց, ովքեր ամեն կերպ ձգտում են իրենց հանդեպ ուշադրություն գրավել:




























