Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանի գործով նախաքննությունը չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ կավարտվի: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
«Նշանակված փորձաքննություններից եւ ոչ մեկի եզրակացությունը դեռ պատրաստ չէ: Միայն եզրակացությունները ստանալուց հետո կարելի է հասկանալ իրավիճակը իրավական տեսանկյունից: Իմ տեղեկություններով՝ փորձագետները պարզաբանում են, որ ահավոր ծանրաբեռնված են, այդ պատճառով ավելի շուտ չեն ներկայացնում արդյունքները»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը:
Փաստաբանը չբացառեց, որ մինչեւ տարեվերջ գործը կուղարկվի դատարան: Հարցին, թե արդյոք առերեսումներ եղել են մեղադրյալի եւ սպանվածի հարազատների միջեւ, Լիպարիտ Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա:
Նշենք, որ Կատունյանը ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետն էր։ Ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների՝ սպանության դրդապատճառը խանդն է։ Կատունյանի խոսքով՝ ռեկտորի եղբայրը երկար ժամանակ սիրահետել է իր կնոջը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին եւ 235 հոդվածի առաջին մասերով (ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը եւ ապօրինի զենք կրելը): Արման Կատունյանը կալանավորված է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել էին Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով։



























