ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կշարունակեն Ուկրաինայի հարցով երկխոսությունը ։ Այս մասին այսօր ԱԽՏՀ-ի շաբաթի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։

«Մենք պայմանավորվել ենք ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ տեղեկություններ փոխանակել եւ շարունակել երկխոսությունը» - նշել է նա՝ մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունները։

«Ես հուսով եմ, որ Մինսկում ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա հույս է հայտնել, որ ժամանակի հետ Ուկրաինայում ռազմական գործողությունները կավարտվեն եւ երկրում կայուն իրավիճակ կստեղծվի:

Քերրին նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, «ակնհայտ է, չհամաձայնեցված մոտեցումներ ունեն միջազգային մի շարք հարցերի շուրջ»:

«Մենք դրանք քննարկել ենք: Մենք նաեւ գիտենք, որ մենք պետք է շփման եզրեր գտնենք այն հարցերի շուրջ, որոնց շուրջ կարող ենք համագործակցել», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը: