Մշակութաբան-փիլիսոփա Իրինա Գայուկը Ուկրաինայի ազգային Տարաս Շեւչենկոյի անվան մրցանակի է արժանացել «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարանի» համար, հայտնում է AnalitikaUA.net-ը։
Տարաս Շեւչենկոյի անվան ազգային թանգարանում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մրցանակներ է հանձնել Շեւչենկոյի անվան մրցանակի 2014թ. դափնեկիրներին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Շեւչենկոյի անվան մրցանակը Ուկրաինայի պետական պարգեւն է, Ուկրաինայի բարձրագույն մրցանակը մշակույթի եւ արվեստի ոլորտում:
Ուկրաինացի գիտնական, փիլիսոփա եւ հայագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Իրինա Գայուկի «Ուկրաինայում հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարան» գիրքը Շեւչենկոյի անվան մրցանակի առաջադրվել էր Տարաս Շեւչենկոյի անվան «Պրոսվիտա» համաուկրաինական միության կողմից:
Հիշեցնենք, որ 2012 թ. Դեկտեմբերի 14-ին կայացած «Ուկրաինայի հայերի միության» կազմակերպած ամենամյա կոնֆերանսում Իրինա Գայուկը պարգեւատրվել էր հայագիտության ոլորտում գիտահետազոտական գործունեության զարգացման գործում զգալի ավանդի համար:



























