Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար Դավիթ Խաչատրյանին 17 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման վերաբերյալ փաստաբանը մյուս շաբաթ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ եթե Վճռաբեկը եւս չբեկանի վճիռը, իրեքն դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դավիթ Խաչատրյանն այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, առողջական վիճակը նորմալ է:
Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:




























