Հազիվ թե հանգամանքներն այնպես դասավորվեն, որ Վրաստանը փորձի ինտեգրվել Եվրասիական տնտեսական միությանը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Անդրադառնալով Վրաստանի կառավարությունում տեղ գտած վերջին հրաժարականներին եւ երկրի արտաքին քաղաքականության ուղղության փոփոխության հավանականության մասին հարցին՝ փորձագետն ընդգծեց, որ ծայրահեղականություն կլինի կարծել, որ Վրաստանը կփոխի իր քաղաքականությունը եւ կմտածի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին: «Իհարկե ոչ, քանի որ դա վրացական հասարակության ընտրությունն է: Եվ հենց այդ հանգամանքի շեշտադրումով է «Վրացական երազանքը» իշխանության եկել: Հազիվ թե հանգամանքներն այնպես դասավորվեն, որ Վրաստանը փորձի ինտեգրվել Եվրասիական տնտեսական միությանը: Միաժամանակ, վերջին գործընթացները միանշանակորեն կդանդաղեցնեն Վրաստանի եվրաինտեգրման տեմպը», - նակտեց Ալիկ Էրոյանցը:

Փորձագետի խոսքով՝ դրանք ազդակներ են, սակայն ոչ այնպիսին, որ լիովին ազդեն Վրաստանի եվրաինտեգրման ուղղության վրա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիայի հեռացման մասին: Նախարարի պաշտոնանկությունից հետո հրաժարական է տվել նաեւ Եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին: Նոյեմբերի 5-ին հրաժարական է տվել նաեւ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: