ԵԱՀԿ-ն Դոնեցկում ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ տանկերի ու բեռնատարների շարասյան տեղաշարժ է արձանագրել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով առաքելության նոյեմբերի 8-ի զեկույցը:

Դիտորդները Մակեեւկայի արեւելյան հատվածում ավելի քան 40 բեռնատարների եւ ավտոցիստեռնի շարասյուն են նկատել: Դրանց թվում առանց համարանիշի 19 ԿամԱԶ մեքենա է եղել: ԵԱՀԿ ներկայացուցիչները չեն կարողացել հստակ որոշել, թե ինչ կա մեքենաներում: Ավելի ուշ Դոնեցկի կենտրոնից 7 կմ հեռավորությամբ նրանք 9 տանկի տեղաշարժ են արձանագրել, որոնց թվում եղել են չորս Т-72 եւ հինգ Т-64:

«Նովոռոսիայի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների կողմնակիցների եւ ուկրաինական բանակի միջեւ ռազմական գործողություններ են ընթանում 2014թ. ապրիլից: Սեպտեմբերի սկզբին կողմերը խաղաղության շուրջ համաձայնության եկան, սակայն առանձին բախումները շարունակվում են մինչ օրս: