Ռումինիայի ԱԳ նախարար Տիտուսա Կորլեցյանան պաշտոնաթող կլինի՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում արտերկրում քվեարկությունը վատ կազմակերպելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Նախարարի հրաժարականը պահանջել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն:
Բուխարեստում եւ Ռումինիայի երկու խոշոր քաղաքներում նոյեմբերի 8-ին բողոքի ակցիաներ են անցկացվել: Դրանց մասնակցել է մի քանի հազար մարդ, ովքեր կառավարությանը մեղադրել են արտերկրում քվեարկությանը գիտակցաբար խոչընդոտելու մեջ: Ցուցարարների առաջնորդները հայտարարել են, որ դա կանխամտածված է արվել, քանի որ երկրի սահմաններից դուրս բնակվող ռումինացիների մեծ մասը ընտրությունների առաջին փուլում հաղթանակած վարչապետ Վիկտոր Պոնտայի հակառակորդներն են:
Ռումինիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է նոյեմբերի 2-ին: Ընտրողները դժգոհել են ինչպես արտերկրում քվեարկության վատ կազմակերպման, այնպես էլ ընտրությունների քարոզարշավի ընթացքում արձանագրված բազմաթիվ խախտումների եւ սկանդալների առիթով: Սակայն դատավորները նրանց փաստարկներն անբավարար են համարել:
Նոյեմբերի 16-ին Ռումինիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է, որին մասնակցելու են վարչապետ, սոցիալ-դեմոկրատ Պոնտան եւ Սիբիուի քաղաքապետ Կլաուս Յոհանիսը:




























