Լիբիայի վարչապետ Աբդուլլա Աբդուռահման ատ-Տանի նստավայրի մոտ նոյեմբերի 9-ին պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա Պրավդա» պարբերականը:

Պայթյունի պահին քաղաքական գործիչը շենքի ներսում է եղել եւ պետք է հանդիպեր երկրում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Բերնանդինո Լեոնի հետ: Օդ է բարձրացել անվտանգության ուժերի շտաբ-կայանի առջեւ կայանված ականապատ ավտոմեքենան: Ուժեղացված պահպանության պատճառով զինյալները չեն կարողացել ավելի մոտենալ շենքին:

Պատահարի արդյունքում չորս մարդ է տուժել, այդ թվում՝ երեխա: Վարչապետը ստիպված է եղել լքել նստավայրը: Ներկայում նա անվտանգ վայրում է:

Աղբյուրը հիշեցնում է, որ իսլամականների եւ կառավարամետ ուժերի միջեւ դաժան բախումները Լիբիայում չեն դադարում: