Գյումրիում հոկտեմբերի 29-ի երեկոյան 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանությունից հետո վերջինիս մտերիմների կողմից ծեծի ենթարկված Գյումրիի շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցները ոստիկանություն բացատրություն են տվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Գործ է հարուցվել, ծեծի ենթարկված բժիշկներն էլ բացատրություն են տվել, մենք հետեւողական ենք լինելու, որ մեղավորները պատժվեն: Ամեն ինչ անելու ենք, որ սպանության համար առանձին պատժվեն, բժիշկներին ծեծելու համար առանձին: Այդ մարդիկ խուլիգանություն են արել եւ պետք է անպայման օրենքի ամբողջ խոստությամբ պատիժը կրեն»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ էական չէ, թե ինչ վնասներ են կրել շտապօգնության բժիշկները, մեղավորները պետք է պատժվեն, որ դաս լինի մյուսների համար:

Նշենք, որ շտապօգնության բուժաշխատողներն ավելի վաղ NEWS.am-ին պատմել էին, որ իրենց դիմավորած արյունաշաղախ դեպքով երիտասարդը նախ դրսում ծեծել էր վարորդին, հետո ձեռքին երկաթյա կտորով հարվածել էր մեքենային:

«Մենք մի կերպ ներս գնացինք։ Տղան մեջքի վրա պառկած էր, բժիշկը մոտեցավ, զննեց ու պարզվեց՝ մահացած է, բայց հայրն ու այդ ագրեսիվ երիտասարդը ստիպում էին մեզ, որ փրկենք, վերակենդանացնենք տղային, բժիշկն էլ ստիպված, որ մեզ ավելի վնաս չտան, վերակենդանացման միջոցառումներ էր անում, ես էլ ներարկիչն էի պատրաստում, ու էդ պահին այդ երիտասարդը արյունոտ դեմքով հետեւանց խփեց դեմքիս»,- ասել էր տուժած  բուժքույր Լամարա Սարգսյանը:

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ Ադանալյանների տնակից կանչը առավելագույնս արագ է սպասարկվել. մեքենան մեկ րոպեից տեղում է եղել։