Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված եւ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը ծառայության մեկնելու նպատակով օրերս բուժզննում է անցել: Այս մասին NEWS.am-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Ինջիղուլյանը մոտ ապագայում կմեկնի ծառայության: Թե կոնկրետ երբ, ՊՆ խոսնակը չհայտնեց:
Նշենք, որ գերությունից վերադառնալուց անմիջապես հետո Ինջիղուլյանը հետազոտվել էր Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Ինջիղուլյանի մոտ հայտնաբերվել է վեգետատիվ-անոթային դիստոնիա, որը տեւական սթրեսի հետեւանք է: Բացահայտվել է քթի միջնապատի ձեւախեղում եւ շնչառական ֆունկցիայի խախտում: Նաեւ տեսողության հետ կապված խնդիր կան, որոնք սրվել են ապրումների արդյունքում՝ ընդհուպ մինչեւ տեսողության ժամանակավոր կորուստ: Բացի այդ, Հակոբ Ինջիղուլյանի մոտ խրոնիկ բրոնխիտ է հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել 2013թ. օգոստոսի 8-ին: Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ մնացել է ավելի քան մեկ տարի, այնուհետեւ հանձնվել է երրորդ երկրի: Իսկ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նա վերադարձավ Հայաստան: Նախկին գերին հայտարարեց, որ ադրբեջանցիներն իրեն սպառնում էին գնդակահարել, եթե ինքը ցանկություն հայտնի Հայաստան վերադառնալ:




























