Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին զարմացնում է, որ երկու տարբեր՝ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորվելու են: Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՕԵԿ-ական պատգամավորը ԱԺ նիստի ժամանակ օրինագիծը ներկայացնող արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեց, թե որն է այս երկու նախարարությունների նմանությունը:

«Տարածքային կառավարման նախարարության հիմքում ընկած են տարածքային զարգացման խնդիրները, իսկ ԱԻՆ-ի կարեւորագույն գործառույթներից է ռիսկերի գնահատման պատասխանատվությունը: Ինձնից ոչ պակաս լավ գիտեք, որ այնպիդի դիրքում ենք գտնվում, որ մեր տարածքը շատ ռիսկային է՝ երկրաշարժ, բնական աղետներ: Հենց այս ռիսկերի գնահատումն էլ համադրվում է տարածքային զարգացման հետ: Բացի դրանից մի մոռացեք, որ փրկարար ծառայությունը տարիներ առաջ ձեւավորվել է հենց տարածքային կառավարման նախարարությունում»,- ասաց Մանուկյանը:

Հեղինե Բիշարյանի դիտարկմանը, թե այս կերպ կարելի է նաեւ բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունները միավորել, արդարադատության նախարարը պատասխանեց, որ ընկալման խնդիր է: