ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԽՏՀ-ի գագաթաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, փոխանցում է «Կոմերսանտը»:
Թերթի հատուկ թղթակիցը Պեկինից փոխանցում է, որ Պուտինի եւ Օբամայի հանդիպումը տեղի է ունեցել, երբ Ռուսաստանի նախագահը, մի քանի րոպե ուշանալով լուսանկարվելու արարողությունից, մտել է այն սենյակ, որտեղ գտնվել են բոլոր առաջնորդները:
«Օբաման առաջինն է նկատել Պուտինին եւ ձեռքի շարժումով ողջունել: Պուտինը մոտեցել է նրան, նրանք բարեւել են եւ սկսել զրուցել: Զրույցը տեւել է 7-8 րոպե: Դրանից հետո առաջնորդները գնացել են լուսանկարվելու», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ չէր բացառել, որ Պեկինում ԱԽՏՀ շրջանակում կարող է Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպում տեղի ունենալ:
Թերթը նշում է, որ վերջին անգամ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման հանդիպել էին հունիսի սկզբին՝ Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 70-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումների ժամանակ:



























