Ղազախական «Ժակսի» լրատվամիջոցում լույս է տեսել Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանի հոդվածը՝ նվիրված հայ-ղազախական հարաբերությունների ներկա մակարդակին եւ հետագա զարգացման հնարավորություններին:
Ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները ունեն դարերի պատմություն (Երեւանի հին ձեռագրերի ինստիտուտում պահվում է հայ-ղպչաղերեն բառարանների մի մասը, որոնք կազմվել են 16-17-րդ դարերում), դեսպան Սահակյանը նշում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո (1992թ. օգոստոսի 27) համատեղ ջանքերով ապահովվել է երկկողմ հարաբերությունների կանոնավոր զարգացում ամենատարբեր բնագավառներում: Սերտ փոխգործակցությունը ներառում է պարբերական երկխոսություն բարձր եւ ամենաբարձր մակարդակներով, համատեղ աշխատանքներ առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, ճյուղային նախարարությունների եւ գերատեսչությունների ուղղությամբ, անմիջական ակտիվ շփումներ վարչատարածքային միավորների, քույր-քաղաքների, մասնավոր հատվածների եւ հումանիտար ոլորտներում: Դեսպան Սահակյանը կարեւորել է այն հանգամանքը, որ հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդումը վայելում է երկու երկրների հասարակությունների լայն աջակցությունը:
Ընդգծելով, որ տարիների ընթացքում միջազգային հարթակում Ղազախստանի ազդեցությունը եւ հեղինակությունը զգալիորեն ավելացել է, դեսպան Սահակյանը կարեւորել է Աստանայում EXPO-2017-ի անցկացումը, որին Հայաստանը եւս աջակցություն է ցուցաբերում:
Դեսպանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրին միանալն իր հերթին նոր լիցք կհաղորդի երկու երկրների բազմաոլորտ հարաբերությունների խորացմանը, ինչը միանշանակ բխում է երկու երկրների շահերից:





























