Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նոյեմբերի 10-ի երեկոյան Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որին զոհ դարձան անմեղ քաղաքացիներ: Այս ծանր պահին կիսելով զոհվածների ընտանիքների եւ հարազատների անսահման վիշտն ու ցավը՝ անկեղծ զորակցություն եմ հայտնում նրանց, մաղթում համբերություն եւ տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Վստահ եմ՝ իրավապահ մարմինները կկատարեն դեպքի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննություն, կպարզեն այս ողբերգության բոլոր պատճառները, եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,-ասված է Հանրապետության նախագահի ցավակցության մեջ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է: