Ներկայումս Երեւանը Բրյուսելի հետ քննարկում է երկկողմ հարաբերությունները կարգավորող իրավական նոր շրջանակներին առնչվող հարցեր: Այս մասին նոյեմբերի 11-ին Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի  16-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խումբը, ըստ նրա, աջակցություն է ցուցաբերել մի շարք կարեւոր փաստաթղթերի մշակման գործընթացում, որոնց թվում են Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ թմրամոլության դեմ պայքարի ազգային ծրագրերը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, Ոստիկանության գործունեության ոլորտի բարեփոխումները՝ ԵՄ չափորոշիչներին համապատասխան, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ դրա իրագործման գործողությունների ծրագիրը, ինչպես նաեւ այլ փաստաթղթեր:

«Անցած տարիներին Հայաստանում իրականացվել են ընդգրկուն բարեփոխումներ բոլոր ուղղություններով, եւ մենք երախտապարտ ենք Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբին այդ բարդ գործընթացում մեզ ցուցաբերած հետեւողական աջակցության համար:

Վերջին տարիներին կուտակված դրական փորձի վրա հիմնվելով՝ առաջընթաց է ակնկալվում  բարեփոխումների շարունակման եւ տարբեր մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ», - ընդգծել է Վիգեն Սարգսյանը: ԵՏՄ մտնելու հետ մեկտեղ,  վստահեցրել է նա, Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ փոխգործակցության առաջընթաց գրանցել արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական բազմասեկտոր համագործակցության եւ այլ ոլորտներում: «2014թ. ապրիլի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով հաստատվեց  2014 – 2015թթ. միջոցառումների ծրագիրը, որն ապահովում է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացումը: Մեր նպատակը Եվրամիության հետ Հայաստանի նախկին քննարկումների բովանդակությունը պահպանելն է՝ ապահովելով դրանց համադրելիությունը ինտեգրացիոն այլ ձեւաչափերի հետ»,- ամփոփել է նախագահի աշխատակազմի ղեկավարը: