Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած 14-ամյա տղային՝  Էդմոն Սիմոնյանին, տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ պատրաստվում են նրան պլանային վիրահատություն կատարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Նա նշեց, որ երեխայի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, կվիրահատվի իրենց հիվանդանոցում: Վթարից տուժածներից եւս երկու հոգի դուրս է գրվել Գյումրիի հիվանդանոցից, «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Հովհաննես Չախոյանն էլ դուրս կգրվի այսօր կամ վաղը: Այժմ Գյումրիի հիվանդանոցում պառկած է վթարից տուժած երկու հոգի, որոնցից մեկը դուրս կգրվի օրերս, մյուսը՝ մեկ շաբաթից:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է: