Եթե իշխանությունը ցանկանում է ապացուցել, որ իսկապես մտադիր է համագործակցել կառավարության ներկայացրած 12 կետերի մասով, ապա կարող է մի քանի օրում փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եռյալի ներկայացուցիչների հանդիպման ավարտին:

Ըստ Հակոբյանի՝ ներկայումս առանց համատեղ ճանապարհային քարտեզի ընդունման էլ իշխանությունը կարող է որոշ կետեր կատարել ներկայացված 12-ից, օրինակ՝ փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում: «Եթե իսկապես ցանկություն կա, ապա կարելի է միանգամից ընդունել ընդդիմության առաջարկը այդ հարցի վերաբերյալ: Եթե քաղաքական մեծամասնությունը եւ նախագահն իսկապես ցանկություն ունեն, ապա ոչ միայն խորհրդարանական եռյակը, այլեւ մյուս երկու ոչ իշխանական կուսակցությունները  կմիանան այդ նախաձեռնությանը: Նրանք կարող են կատարել այդ փոփոխությունները  մի քանի օրում, եւ դրանից հետո մենք արդեն կտեսնենք, որ իսկապես համատեղ աշխատելու ցանկություն կա»:

Հակոբյանը միաժամանակ նշել է, որ ներկայումս խորհրդարանական եռյակը չի հայտարարում իշխանության հետ 12 կետերի շուրջ երկխոսություն վարելու պատրաստակամության մասին: Ի պատասխան այն դիտողությանը, թե խորհրդարանական եռյակը երաշխիքներ է ուզում իշխանութան հետ քննարկումներն սկսելուց առաջ, ընդդիմադիրը հակիրճ պատասխանել է.  «Այո, մենք երաշխիքներ ենք ուզում»: