Գործող իշխանությունների բարեփոխումները անհաջողության են դատապարտված աղքատների ներկա թվաքանակի առկայության դեպքում: Այս մասին, այսօր նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Եթե 2,7 մլն մարդուց մշտապես հանրապետությում բնակվող մեկ մլն-ն աղքատ է, ապա բարեփոխումները չեն աշխատելու: Դրա համար լ մենք կազմել ենք խորհրդարանական քառյակի 12 կետերը՝ նշելով մի շարք բարեփոխումների, այդ թվում կենսաթոշակային, ժամանակավրեպ լինելը»,-ասել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ մտահոգիչ են նաեւ արդյունաբերության աճի տեմպերը: 2015-ին ՀՆԱ նախատեսված աճը պետական բյուջեով նախատեսվում է 4,1 տոկոս, իսկ արդյունաբերությանը՝ 3,7 տոկոս: 2014-ի հունվար-սեպտեմբերին արդյունաբերության աճը հատկապես ցածր է եղել՝ 1,7 տոկոս:
«Անհասկանալի է մնում, թե ինչպես ենք մենք դրանից հետո մեզ կոչելու արդյունաբերական երկիր»,-ընդգծել է Մելքումյանը:





























