Ալյասկայում՝ Ֆերբենքս քաղաքից դեպի հարավ-արեւելք, պեղումների ժամանակ հնագետները նորածինների հնագույն գերեզմաններ են հայտնաբերել: Գիտնականները վստահ են, որ գտածոն կարող է օգնել ավելի մանրամասն ուսումնասիրել այդ տարածքում ապրող հին հնդկացիների մշակույթն ու հուղարկավորության միջոցները:

Առաջին գտածոները հայտնաբերվել են դեռեւս 2010 թվականի պեղումների ժամանակ: Այն ժամանակ գիտնականներին հաջողվել էր հայտնաբերել երեք տարեկան երեխայի շիրիմ, որին, ենթադրաբար, հուղարակավորելուց առաջ դիակիզել են:

Ավելի ուշ՝ 2013 թվականին, գիտնականները միասին հուղարկավորված երկու նորածնի գերեզման են գտել: Փոքրիկներից մեկը մահացել է ծնվելիս, իսկ երկրորդը մեկ ամսից քիչ ավելի է ապրել: Գիտնականները պնդում են, որ դրանք նորածինների մնացորդներ են, սակայն ավելի հստակ պատասխան ցույց կտա ԴՆԹ-ի գենետիկ հետազոտությունը:

Ըստ Informing-ի, հնագետների համար զարմանալի է այն փաստը, որ երեխաների գերեզմանները գտնվել են կենդանիների ոսկորներից պատրաստված տան ավերակների տակ:

Գիտնականները ենթադրում են, որ բոլոր գտածոները կարող են ավելի լավ բացատրել հնագույն նախնիների կյանքի մանրամասները, որոնք ապրել են հյուսիսային Ամերիկայի տարածքում: